Մատչելիության հղումներ

Զելենսկին նոր օրինագիծ է հաստատել, որն ապահովում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը


Ուկրաինա - Ընդունված և ստորագրված վիճահարույց օրենքի դեմ բողոքի ցույց Կիևում, 23-ը հուլիսի, 2025թ.
Ուկրաինա - Ընդունված և ստորագրված վիճահարույց օրենքի դեմ բողոքի ցույց Կիևում, 23-ը հուլիսի, 2025թ.

Դժգոհությունների, քննադատության ու ցույցերի ֆոնին Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է նոր օրենքի նախագիծ, որը կվերականգնի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության անկախությունը: Երեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր օրենք, որով այս մարմինները փաստացի պետք է ենթարկվեն դատախազին, ինչն էլ դժգոհություն էր հարուցել:

Զելենսկին սոցցանցում վստահեցրել է, որ օրենքի նոր նախագիծը, որն այսօր կներկայացվի խորհրդարան, հավասարակշռված է և պաշտպանում է այդ մարմինների անկախությունը:

Եվրամիությունը ողջունել է Ուկրաինայի նախագահի որոշումը: ԵՄ խոսնակն ասել է, որ աշխատում են Կիևի հետ՝ համոզվելու համար, որ իրենց մտահոգությունները հաշվի են առնվում:

Գերագույն Ռադայի ընդունած և նախագահի ստորագրած օրենքի պատճառով երեքշաբթի օրվանից Ուկրաինայում ցույցեր են: Երեկ բողոքի ակցիաներ են եղել Կիևում, Զապորոժիեում, Լվովում, Օդեսայում:

Կիևի բնակիչ Մարինա Միխալչուկն ասում է, որ բողոքի են դուրս եկել, քանզի զայրացած են, ոչ ոք չէր սպասում, որ նախագահը կստորագրի այս օրենքը. - «Այս օրենքի ստորագրումը գործնականում նշանակում է Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության լուծարում, այն փակում է դեպի ԵՄ ճանապարհը և խարխլում ժողովրդավարությունը»։

Զապորոժիեում ցույցի մասնակից Գենադի Խարչենկոն, որն «Ազով» գումարտակի նախկին անդամ է, ասում է՝ հնարավոր չէ Ռուսաստանին հաղթել, եթե երկրի ներսում չի վերացվել կոռուպցիան:

«Ինձ համար արտաքին թշնամու դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը և իմ զինակցին գերությունից ազատելու պայքարը նույն շղթայի օղակներ են։ Անհնար է հաղթել այս պատերազմում, եթե մենք չհաղթահարենք կոռուպցիան», - հայտարարում է Խարչենկոն:

Վալերի Մորոզովան էլ ասում է՝ ցույցին մասնակցում է, քանի որ տեղեկացել է, որ այս օրենքի պատճառով եվրաինտեգրման որոշ գործընթացներ դադարեցվել են, և այն կարող է նաև ազդել Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու վրա: Իսկ Զապորոժիեում դա ամենաշատը կզգացվի, նշում է նա. - «Հետևաբար, չնայած առկա վտանգներին, այսքան շատ մարդ է եկել բողոքի ակցիային, քանի որ անվտանգությունը Զապորոժիեի համար առաջնահերթություն է»:

Մինչ ուկրաինացիները պայքարում են հակակոռուպցիոն այս մարմինների անկախության համար, Ռուսաստանն ու Ուկրաինան երեկ երեկոյան գերիներ են փոխանակել՝ 250-ը 250-ի դիմաց: Սա հունիսի սկզբին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում իրականացված 9-րդ փոխանակումն է:

Մինչ այդ էլ երեկոյան Ստամբուլում տեղի էր ունեցել ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը, որը տևել է մոտ կես ժամ: Կողմերը համաձայնել են 1200 ռազմագերի փոխանակել: Սակայն հրադադարի պայմանների և երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման հարցում համաձայնության չեն եկել:

Հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության ղեկավարն ասել է, որ տևական խաղաղության տանող առաջին քայլը կարող է լինել իրական հրադադարը: Ռուստեմ Ումերովն ընդգծել է՝ առաջնահերթ է նախագահների մակարդակով հանդիպումը, ապա նշել, որ Կիևն առաջարկել է այն կազմակերպել օգոստոսին: Նաև ասել է, որ այս առաջարկին համաձայնելով՝ Ռուսաստանը կարող է ողջ աշխարհին հստակ ցույց տալ իր կառուցողական մոտեցումը:

«Ուկրաինան շարունակում է պնդել՝ լիակատար և անվերապահ հրադադարը անհրաժեշտ հիմք է արդյունավետ դիվանագիտության համար: Մենք պատրաստ ենք հրադադարի և սկսելու խաղաղությանն ուղղված էական բանակցություններ, և մյուս կողմի որոշելիքն է խաղաղության տանող այս հիմնական քայլն ընդունելը», - հայտարարել է Ումերովը:

Ռուսական պատվիրակության ղեկավարն, իր հերթին, ասել է, որ խաղաղության համաձայնագիրը ոչ թե պետք է քննարկվի, այլ ստորագրվի նախագահների հանդիպման ժամանակ։ Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ գերիների փոխանակումից բացի, Ռուսաստանը պատրաստ է փոխանցել ևս 3 հազար ուկրաինացի զինվորի դի, երբ Ուկրաինան պատրաստ լինի ընդունել դրանք։

Մոսկվան նաև առաջարկել է երկօրյա հրադադար՝ վիրավորներին տեղափոխելու և առաջնագծից դիերը դուրս բերելու համար: Մեդինսկին հայտնել է, որ քննարկվել են խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական և ուկրաինական տարբերակները, սակայն ընդգծել է, որ կողմերի մոտեցումները շատ հեռու են իրարից. - «Դիրքորոշումները բավական հեռու են միմյանցից։ Մենք համաձայնեցինք շարունակել շփումները։ Ե՛վ պատվիրակությունների մակարդակով, և՛, հուսով ենք, օպերատիվորեն նաև աշխատանքային խմբերի մակարդակով»։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային 322 միլիոն դոլարի հրթիռային համակարգերի և մարտական մեքենաների վաճառքը, որը պետք է հաստատի նաև Կոնգրեսը:

Իսկ այս ընթացքում ռուսական զինուժը կառավարվող ռումբով հարվածել է Խարկովին, կա երկու զոհ, 40 վիրավոր, որից վեցը՝ երեխա: Չերկասիում կա 12 վիրավոր: Օդեսայում հարվածել են բազմահարկ բնակելի շենքի, կան տուժածներ:

Ուկրաինական կողմն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանի հարավային շրջաններին: Կրասնոդարում հարվածել են նավթի բազայի: Սոչիում կա մեկ զոհ, 11 վիրավոր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG