Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին նոր օրենքի նախագիծն այսօր կներկայացվի Գերագույն Ռադա, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավաստիացնելով, որ նոր տեքստը «երաշխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախություն»։
Այս շաբաթ Ռադան ընդունել է, և Զելենսկին ստորագրել է օրենք, որով կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված երկու գործակալությունները՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը, անցնում են նախագահի կողմից նշանակված գլխավոր դատախազի վերահսկողության տակ:
Իշխանությունների այս քայլը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է հարուցել, քննադատության ալիք բարձրացրել Կիևի արևմտյան գործընկերների շրջանում: Եվրամիությունը, մասնավորապես, հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցելու հիմնական պայմաններից մեկն է։