Ադրբեջանից Նախիջևան Սյունիքով ճանապարհի կամ ճանապարհներն ապաշրջափակելու վերաբերյալ ի՞նչ է առաջարկում ամերիկյան կողմը, ի՞նչն է քննարկման ենթակա, և ինչը՞՝ մերժելի, այդ ճանապարհը 100 տարով վարձակալելու ամերիկյան առաջարկն ընդունելի՞ է, թե՞ ոչ. վարչապետ Փաշինյանն իր վերջին՝ հինգ ժամանոց ասուլիսի ընթացքում ուղիղ ոչինչ չէր ասել: Պարզվում է՝ վարձակալության առաջարկը մերժել են, ասուլիսից մեկ շաբաթ անց Factor.TV-ի հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի թիմակիցը՝ պատգամավոր Արման Եղոյանը: Ըստ նրա՝ Երևանում ինքնիշխանությունը զիջելու վտանգ են տեսել:
Հարցին, թե վարձակալության առաջարկ կա՞, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. - «Նման գաղափար ամերիկացիները ունեին, բայց դա մեզ համար ընդունելի չի եղել [...], որովհետև այդտեղ արդեն [...] մենք նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»:
Ըստ իշխանական պատգամավորի՝ այս հարցը չի քննարկվում: Սա էլ գաղափարներից մեկն է եղել ընդամենը:
Ի"նչ են ուրիշ առաջարկում Թրամփի վարչակազմից, ամերիկյան փաթեթի մեջ է"լ ինչ կա, «Ազատություն»-ը հարցրեց պատգամավոր Եղոյանին:
«Ավելի մանրամասն առաջարկների համար պիտի ԱԳՆ դիմեք», - ասաց պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան վերահսկողությո՞ւն Կովկասի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ․ Իրանին դա դուր չի գաԱմերիկյան առաջարկների մասին իշխանությունը մանրամասներ չի հայտնում: «Ազատության» հետ զրույցում պատգամավորը դա բացատրեց հստակության բացակայությամբ: Ընդհանուր գաղափարներ են քննարկվում:
«Կան գաղափարներ, հստակ ի՞նչ եք ուզում: Հստակ բան լինում է հստակության դեպքում, եթե հստակություն դեռ չկա, հստակ բան ասել էլ հնարավոր չի», - նշեց Եղոյանը՝ շարունակելով. - «Կան գաղափարներ, կան տարբեր գաղափարներ: Առաջարկը դուք էդպես մի պատկերացրեք, որ թղթի վրա գրված հստակ առաջարկ է: Կան գաղափարներ, որոնց շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ: Հիմա եթե դուք հարցնում եք վարձակալության գաղափարի մասին, ես պատասխանում եմ վարձակալության գաղափարի մասին»:
Թե այս փուլում ինչ են քննարկում կողմերը, դժվար է ասել: Արտգործնախարարության ու վարչապետի մամուլի խոսնակներն էլ այսօր անհասանելի էին: Փաշինյանն իր ասուլիսում ավելի շատ ենթակառուցվածքների կառուցման ու կառավարումը արտապատվիրակելու մասին էր խոսում, վարձակալության մասին խոսք չկար:
«Խոսքը էստեղ ահա այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է», - ասում էր վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. Կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար«Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում կարծես թե այլ բաների մասին էր խոսում, այսինքն՝ խոսում էր ավելի շատ ենթակառուցվածքների կառուցումը, ինչպես նաև կառավարումն ու անվտանգությունը արտապատվիրակելու մասին, վարձակալության մասին կարծես թե ասուլիսի ընթացքում խոսք չկար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
Չնայած վարձակալության առաջարկը Երևանը մերժում է, բայց սա չի նշանակում, որ ամերիկյան միջնորդությունն ավարտվում է, նշում է Գրիգորյանը. - «Ես չեմ կարծում, որ դրանով ամերիկյան ներգրավվածությունը կամ միջնորդությունը ավարտվում է: Ես կարծում եմ, որ այս փուլում կողմերը պարզապես տարբեր գաղափարներ են քննարկում և փորձում են հասկանալ, թե տարբերակներից որը կարող է աշխատել»:
Ճանապարհի կառավարումը երրորդ կողմին արտապատվիրակելու հեռանկարն ու վարձակալության առաջարկը ընդդիմադիրները մեկնաբանեցին որպես ինքնիշխանությունից նահանջ: Քաղաքագետ Գրիգորյանը դժվարանում է այս փուլում եզրահանգումներ անել, բայց մեկ հարցում զիջում արդեն նկատում է. փոխադարձության սկզբունքին Ալիևը համաձայն չէ, ու Նիկոլ Փաշինյանն էլ չի խոսում Ադրբեջանով անցնող ճանապարհի մասին: Ի՞նչ պայմաններով է այն լինելու Հայստանի համար:
«Այսինքն, եթե պայմանավորվածություն լինի ինչ-որ կարգավորումների վերաբերյալ Հայաստանի տարածքում, այդ կարգավորումները չեն գործելու Ադրբեջանի տարածքում. սա արդեն կարելի է որոշակի զիջում համարել: Եթե ավելի շատ դետալների տիրապետենք, ամենակարևոր հարցերը, իհարկե, լինելու են այն մասին, թե ո՞վ է վերահսկելու այդ կոմունիկացիան, ո՞վ է ապահովելու անվտանգությունը: Եթե խոսքը գնում է մասնավոր ընկերության մասին, ինչպիսի՞ գործառույթներ և լիազորություններ է ունենալու այդ կազմակերպությունը, ինչպիսի՞ն են լինելու այդ կազմակերպության փոխհարաբերությունները Հայաստանի կառավարության հետ: Քանի դեռ մենք այս հարցերի պատասխանը չունենք, դժվար է խոսել միջանցքային կամ ոչ միջանցքային տրամաբանության մասին», - ընդգծեց քաղաքագետը:
Նիկոլ Փաշինյանը ասուլիսում ընդհանուր էր խոսում երրորդ կողմին ճանապարհը արտապատվիրակելու մասին: Նա ավելի կտրուկ խոսեց օրեր անց, երբ Ադրբեջանի նախագահը, Ստեփանակերտից հեգնելով Հայաստանի վարչապետին, նորից պնդեց իր մոտեցումները՝ պահանջում է Հայաստանով Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ: «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն», - հայտարարեց Իլհամ Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն. Ալիև
Փաշինյանը խոսնակի միջոցով կտրուկ ու ուղիղ հակադարձեց, թե այդ պահանջը դեմ է բանակցությունների ոգուն ու տառին: Այդպիսի տարբերակ չի կարող լինել. - «Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման և փոխադարձության սկզբունքով»:
Ո՞ւր են հասնելու Ադրբեջանն ու Հայաստանը այս պնդումներով: Հանգուցալուծման հավանականություն կա՞, թե՞ բանակցությունները փակուղի են մտնում:
Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ հանգուցալուծման մասին խոսելը վաղ է. - «Ակնհայտ հակասություն գոյություն ունի կողմերի դիրքորոշումների միջև, և դա է նաև պատճառներից մեկը, ինչու, կարծում եմ, վաղ է խոսել ինչ-որ լուծումների մասին, քանի որ կան ինչ-որ ընդհանուր գաղափարներ, բայց այ այսպիսի դետալների շուրջ կարծես թե համաձայնություն գոյություն չունի»:
Ենթադրում է, որ քննարկումները կշարունակվեն. ու հավանական է համարում, որ Թրամփի վարչակազմը արագ լուծման չհասնելով՝ կարող է միջանցքի թեման թողնել ու կենտրոնանալ ուրիշ հարցի վրա: