Եվրամիությունը հույսեր է կապում Հայաստանի բնության ու կանաչ ձեռնարկատիրության հետ: Միլիոնավոր եվրո է ծախսում Հայաստանի շրջանաձև տնտեսությունը զարգացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս արտադրանք տալ քիչ ռեսուրսներով ու առանց թափոնների: Բայց Հայաստանի գործարարները կասկածով են նայում «կանաչ հեղափոխությանը»:
Քանի դեռ պետությունից աջակցություն, իսկ սպառողից պահանջարկ չկա, բնությանը չվնասելու միտումով արտադրությունը գրավիչ բիզնես չի դառնա, ասում է Արեգ Գալստյանը, որ արդեն 20 տարի դեղաբույսերի արտադրությամբ է զբաղվում: Կարողացել է արտադրանք ստանալ թափոնները վերաօգտագործելով ու վերականգնվող էներգիայով՝ այն, ինչ սովորում են Եվրոպայից ու եվրոպական փորձից: Բայց կանաչ բիզնեսը հաճախ նաև իսկական գլխացավանք է դառնում գործարարի համար, ասում է Արեգ Գալստյանը:
«Այն հանձնառությունը և այն հոգատարությունը, երբ բիզնեսները վերցնում են շրջակա միջավայրի մարդկանց համար, դրանք մեծացնում են բիզնեսի ծախսերը, դրա համար է, որ հաճախ ընկերությունները ներգրավվում են գործընթացի մեջ, բայց տարիներ շարունակ չտեսնելով որևէ առավելություն, լրացուցիչ շահույթ, հետ են կանգնում», - նշում է նա:
Հայաստանի թափոնների 90 տոկոսն ուղիղ աղբավայրեր է հասնում կամ պարզապես կուտակվում: Տարեկան 5 միլիոն տոննա գոմաղբ է առաջանում, որ թափոնների կառավարման փորձագետ Հարություն Նահապետյանի հաշվարկներով՝ առնվազն 200 միլիոն եվրոյի վնաս է հասցնում բնությանը: Մինչդեռ 5 միլիոն տոննա գոմաղբի հաշվին կարելի է կենսագազ ստանալ՝ ամբողջ գազի պահանջարկի 5-10 տոկոսի չափով, ասում է փորձագետը:
«Դանիայում խոշոր ֆերմերները հանձնում են գոմաղբը և դրա դիմաց ստանում օրգանական պարարտանյութ, և Դանիայի գազի ցանցում 40 տոկոսը կենսագազ է, 30 թվականի դրությամբ թիրախ ունեն այդ տոկոսը դարձնել 100», - նկատում է նա:
Պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը նույնպես հակադրություն է տեսնում կանաչ ձեռնարկատիրության ու բիզնեսի միջև: Մի կողմից՝ պետությունը չի խրախուսում՝ հարկային ու վարկային արտոնություններ չկան բնական ռեսուրսները խնայող ու շրջանաձև տնտեսության գնացող գործարարների համար, մյուս կողմից՝ սպառողներից դրա պահանջարկը չկա:
«Բիզնեսմենի ինքնագիտակցությունը եվրոպական չի էլի, որ ասի՝ եկեք, կանաչ տնտեսություն վարենք», - հավելում է նա:
Եվրոպացին ինքն է ընտրում՝ ինչ գնի, ինչ ուտի, ինչպես ապրի, hայաստանցին այդպես չէ, Միջազգային առևտրի կենտրոնի ծրագրի ղեկավար Լիլիթ Ափուջանյանի խոսքերն են. «Մտածում է՝ ինչպե՞ս է արտադրվել այդ արտադրանքը, արդյոք ունի՞ բնությանը չվնասելու պատմություն, մեզ մոտ դեռևս ունենք անցնելու ճանապարհ, որ հաճախորդն էլ կրթվի»:
Դիլիջանում անցկացված ֆորումի ընթացքում Եվրամիության ներկայացուցիչներն ու CirculUp ծրագրի պատասխանատուները Հայաստանում շրջանաձև տնտեսությունը զարգացնելու հեռանկարներից էին խոսում: 100-ից ավելի ստարտափ արդեն վերապատրաստում է ստացել, ավելի քան 500 հազար եվրոյի դրամաշնորհ է բաշխվել: Շեշտվեց նաև, որ կառավարությունն արդեն առաջին քայլերն է արել՝ վերջերս ընդունել է միջազգային սերտիֆիկացման սուբսիդավորման ծրագիր: Որակի միջազգային սերտիֆիկատ ձեռքբերելու դեպքում պետությունը 50 տոկոսով փակում է գործարարի վճարած ծախսերը:
Սակայն գործարար Ռալֆ Յիրիկյանը մտահոգություններ ունի: Գործարարը, որ եղել է Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում, խոշոր ներդրումներով աջակցել շրջանաձև տնտեսության զարգացմանը, ասաց՝ նախ մենք պետք է «քարանձավներից դուրս գանք», հետո միայն խոսենք շրջանաձև տնտեսությունից:
«Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում մաքուր միջավայր ունենալը, և արդյոք դա նշանակում է միայն մեր տնից ներսը: Պետք է դուրս գանք մեր տներից: Մեր մտածելակերպը քարանձավային մոդելից պետք է փոխենք դեպի ավելի բաց, որ կարողանանք ունենալ ճկունությունը, որ մեզ թույլ կտա իրականացնել այսպիսի տնտեսական մոդելներ», - հավելում է նա:
Եվրամիությունը շարունակում է աջակցել շրջանաձև տնտեսության ծրագրերին: Ֆինանսավորումները գալիս են: Երկու տասնյակից ավելի բիզնես արդեն աջակցություն է ստացել: Եվրամիությունն անգամ հույս ունի՝ Հայաստանը մի օր Շվեյցարիա կդառնա:
Բայց արդյոք իրատեսակա՞ն է Հայաստանի կանաչ ու շրջանաձև ապագան, քանի դեռ բնությունը պահպանելը ոչ արտադրողի, ոչ էլ սպառողի համար առաջնային չէ, ամենուր աղբավայրեր են ու թափոնակույտեր: