Ռուսական ռազմաբազային առնչվող հերթական դեպքը Գյումրիում

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում, արխիվ

Երեկ երեկոյան Գյումրիի Բուլվարային թաղամասի գործարանային հանրակացարանի տարածքում զինվորականի դի է հայտնաբերվել: «Ազատության» տեղեկություններով՝ մահացածը ռուսական 102-րդ ռազմաբազայի 25-ամյա պայմանագրային զինծառայող Կոնստանտին Անտոնենկոն է:

Քննչականը քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Արդյո՞ք զինվորի մահվանը միջադեպ է նախորդել, ի՞նչն է նրան դրդել այս քայլին, պարզ չէ: Հայաստանցի իրավապահները մանրամասներ չեն հայտնում, իսկ ռազմաբազան մեկնաբանություններ չի տալիս: Բայց համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ երեկ գիշերը դեպքի վայրում հայ իրավապահներից բացի նաև ռուսական ռազմաբազայի զինվորականներ են եղել:

Երկու շաբաթ առաջ էլ մեկ այլ ռուսաստանցի զինծառայող էր ռազմաբազայի տարածքից գլխի ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքը փրկել էին, բայց կոմայի մեջ էր ընկել: «Ազատության» տեղեկություններով՝ զինծառայողը հերթապահության էր եղել դիտակետում, կրակոցի ձայներից վրա էին հասել ծառայակիցները: Ըստ Քննչականի՝ հայաստանցի իրավապահներն այս դեպքով անելիք չունեն, քանի որ այն տեղի է ունեցել ռազմաբազայի տարածքում: Ռուս զինծառայողին օրերս տեղափոխել են Մուրացան զինվորական հոսպիտալ: Պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ նրա առողջական վիճակի մասին հայկական կողմը իրավասու չէ տեղեկություն տրամադրել:

Իրար հաջորդած այս դեպքերը, ըստ գյումրեցի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի, մի բանի մասին են խոսում. - «Ակնհայտ է, որ էդ բանակը, որը հիմա կոչվում է ռուսական բանակ, կրում է սովետական բանակի վատագույն ավանդույթները իր մեջ: Սա հերթական դեպքն է, եթե հաշվեք 30 տարում, գուցե մի 30 այսպիսի դեպք է եղել: Եվ Հայաստանի իշխանությունների անգործության պատճառով է, որ հայաստանյան հանրությունը ստիպված է առերեսվել նման դեպքերի»:

Մի քանի տարի առաջ ռազմաբազայի տարածքից դուրս ռուս զինվորականների կարգ ու կանոնին հետևելու համար ռուսական ռազմական ոստիկաններ բերվեցին: Բարսեղյանը չի կարող ասել, թե որքան են նրանք արդյունավետ գործել, քանի որ տվյալներ չկան:

Ինչ վերաբերում է երեկվա դեպքին, Բարսեղյանը հարցնում է. - «Մարդ է, ասենք, հոգեկան ծանր, ճնշված վիճակում, չգիտեմ, ծեծել են, պարտք է եղել, ինչ է եղել, պատկերացում չունեմ, ելել գնացել, Գյումրու էդ թաղամասում՝ Բուլվարայինում, նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել: Եսիմ, բա որ մարդ ռաստ գար: Հասկանո՞ւմ եք՝ սրանք պիտի Հայաստանի իշխանությունը կառավարի»:

Իսկ քանի դեռ ռուսական բազան տեղակայված է Հայաստանում, իշխանությունները պարտավոր են ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը բազայից եկող վտանգներից, ասում է Բարսեղյանն ու թվարկում առաջնահերթ անելիքները. - «Հարաբերությունները պիտի հստակեցվեն, կանոնները պիտի խստացվեն, ելումուտի պայմանները պիտի հստակեցվեն, բազաներին դրսից տեսահսկողական համակարգ պիտի դնի Հայաստանի իշխանությունը, շուրջօրյա տեսահսկողություն, և մեկ կառավարման կենտրոնում այդ պատկերները և ձայնը հսկելու շտաբ պիտի լինի՝ ճիշտ այնպես, ինչպես հսկում են արագաչափերի և ճանապարհային տեսախցիկների աշխատանքը օրը 24 ժամ, և ռիսկերի ծագելու դեպքում պիտի արագ միջոցներ ձեռք առնվեն: Բազայի զորամասերից ելումուտը պիտի իրազեկվի նախապես Հայաստանի իշխանություններին»:

Ըստ բաց աղբյուրների՝ շուրջ 3 հազար զինծառայող է ռուսական 102-րդ բազայում ծառայում: Տաս տարի առաջ, երբ ռուս զինծառայողը գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքին սպանեց իրենց անկողիններում, դատաքննության ընթացքում պարզվեց, որ Գյումրիի բազա ծառայության են ուղարկվում նաև խնդիրներ ունեցող զինծառայողներ: Այդ ժամանակ Գյումրի այցելած ռուս պատգամավորները կարծիք էին հայտնել, որ պետք է փոխել զինծառայողների՝ Գյումրի գործուղման կարգն ու ռազմաբազան պրոֆեսիոնալ պայմանագրայիններով համալրել: Լևոն Բարսեղյանի տեղեկություններով՝ սա տեղի չի ունեցել: