«Աէրոֆլոտը» հաղորդում է տեղեկատվական համակարգերի խափանման մասին

Ռուսաստանի ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտը» երկուշաբթի հայտարարել է, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է առաջացել, ինչը կարող է ժամանակավորապես խաթարել ծառայությունների աշխատանքը։

«Արդյունքում որոշ չվերթների ժամանակացույցում ակնկալվում են փոփոխություններ, այդ թվում՝ ուշացումներ և չեղարկումներ», - նշված է «Աէրոֆլոտի» հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նշել է, որ «մասնագետներն աշխատում են՝ նվազեցնելու չվերթների ժամանակացույցի վրա ազդեցությունը և վերականգնելու ծառայությունների բնականոն ընթացքը», սակայն չի հայտնել խափանման ծավալի կամ հնարավոր պատճառների մասին։

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, «Աէրոֆլոտը» շարունակում է մնալ աշխարհի ուղևորատար ամենախոշոր 20 ավիաընկերություններից մեկը։

Ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2024 թվականին «Աէրոֆլոտ» խմբի ուղևորահոսքը կազմել է 55.3 միլիոն ուղևոր։