Նեթանյահուն դատապարտում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Մակրոնի որոշումը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում ընդունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, հոկտեմբեր, 2023թ.

Իսրայելի վարչապետ Բենjամին Նեթանյահուն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի` Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը, պնդելով, թե նման քայլով Փարիզը «խրախուսում է ահաբեկչությունը»:

« Եկեք պարզ լինենք. պաղեստինցիները չեն փնտրում պետություն Իսրայելի կողքին, նրանք փնտրում են պետություն Իսրայելի փոխարեն», - հայտարարել է Նեթանյահուն:

Մակրոնի որոշումը քննադատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այդ անխոհեմ որոշումը միայն ծառայում է «Համաս»-ի քարոզչությանը և հետաձգում խաղաղությունը։ Դա ապտակ է [2023-ի] հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Ֆրանսիայի առաջնորդը, մինչդեռ, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին հղած նամակում ընդգծել է, որ պաշտոնական Փարիզի որոշումը կնպաստի Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այսպիսով Ֆրանսիան կդառնա առաջին խոշոր արևմտյան տերությունը, որը կճանաչի ոչ միայն պաղեստինցիների պետականության իրավունքը, այլև դե յուրե Պաղեստինի պետությունը։

Պաղեստինի պետության անկախությունն այժմ ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից շուրջ 150-ի կողմից։ Ըստ ՄԱԿ-ի բանաձևերի՝ այդ պետության տարածքը պետք է բաղկացած լինի Հորդանանի Արևմտյան ափից, Գազայի հատվածից և Արևելյան Երուսաղեմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին