Մակրոնը մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը. Պաղեստինը ողջունում է, Իսրայելը՝ դատապարտում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ողջունում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, հուլիս, 2022թ.

Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի պետությունը և սեպտեմբերին ՄԱԿ-ում կհայտարարի այդ մասին, տեղեկացրել է նախագահ Էմանյուել Մակրոնը: Ելիսեյան պալատի ղեկավարը սոցցանցում գրել է՝ որոշումը համապատասխանում է Մերձավոր Արևելքում արդար և տևական խաղաղության հասնելու Ֆրանսիայի «պատմական հանձնառությանը»։

«Մենք պետք է կառուցենք Պաղեստին պետությունը, երաշխավորենք դրա կենսունակությունը և ապահովենք, որ դրա ապառազմականացման և Իսրայելի լիակատար ճանաչման ընդունումը նպաստի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանը», - հայտարարել է Մակրոնը:

Եթե Ֆրանսիան ճանաչի Պաղեստինը, ապա կդառնա 141-րդը ՄԱԿ-ի անդամ երկրներից և առաջինը Մեծ յոթնյակից: Ֆրանսիայի որոշումը խորհրդանշական է, քանզի Պաղեստինը վաղուց Իսրայելի հսկողության տակ է: Սակայն, ըստ Reuters-ի, դա Թել Ավիվին է՛լ ավելի կմեկուսացնի՝ Գազայի պատճառով, որտեղ հումանիտար ճգնաժամ է: Ըստ գործակալության, Մակրոնը վաղուց է ուզում դա անել՝ երկու պետության լուծման գաղափարը օրակարգում պահելու համար, բայց հիմա է հայտարարում, որպեսզի հաջորդ շաբաթ նախատեսված ՄԱԿ-ի համաժողովից առաջ մյուսներին համոզի հետևել իր օրինակին:

Պաղեստինը ողջունել է Մակրոնի որոշումը, Իսրայելը՝ խստորեն դատապարտել: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե այս քայլը «խրախուսում է ահաբեկչությունը» և «վտանգում ստեղծել ևս մեկ իրանական պրոքսի, ինչպես եղավ Գազայի հետ»։ Սրանով Պաղեստինը կդառնա Իսրայելը ոչնչացնելու հարթակ, սոցցանցում գրել է Նեթանյահուն:

«Եկեք պարզ խոսենք. պաղեստինցիները չեն ձգտում պետություն ունենալ Իսրայելի կողքին, նրանք ձգտում են պետություն ունենալ Իսրայելի փոխարեն», - պնդում է Իսրայելի վարչապետը:

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին էլ ծաղրել է, թե Մակրոնը չի նշել՝ որտեղ է գտնվելու ապագա Պաղեստինի պետությունը։ «Ֆրանսիան կառաջարկի Ֆրանսիական Ռիվիերան, և նոր ազգը կկոչվի «Ֆրանս-ան-Ստին», - X-ում գրել է նա։

ԱՄՆ-ը, իր հերթին, մերժում է Էմանյուել Մակրոնի ծրագիրը: Պետքարտուղարը հայտարարել է, որ այս «անխոհեմ որոշումը միայն ծառայում է «Համաս»-ի քարոզչությանը և խոչընդոտում խաղաղությանը»։ «Սա ապտակ է [2023-ի] հոկտեմբերի 7-ի հարձակման զոհերին», - սոցցանցում գրել է Մարկո Ռուբիոն։

Մեծ Բրիտանիան կողմ է Պաղեստինի ճանաչմանը, սակայն համարում է, որ անհապաղ պետք է վերջ դնել Գազայում տառապանքներին և հրադադար ապահովել Իսրայելի ու «Համաս»-ի միջև, հայտարարել է գիտության և տեխնոլոգիաների նախարար Փիթեր Քայլը:

«Այս կառավարության ակնհայտ հանձնառությունն է՝ մենք ցանկանում ենք ստեղծել Պաղեստինի պետականություն: Դա պետք է տեղի ունենա այնպես, որ հզորացնի և ապահովի Պաղեստինին անհրաժեշտ տևական խաղաղությունն ու կայունությունը», - ասել է բրիտանացի նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն դատապարտում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Մակրոնի որոշումըՄակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ պետք է անհապաղ հրադադար հաստատել, ինչը կհանգեցնի Պաղեստինի ճանաչմանը։

«Սակայն Պաղեստինի ճանաչումը պետք է տեղի ունենա Պաղեստինի նոր պետության կողմից Իսրայելի ճանաչմանը զուգահեռ, քանզի եթե Պաղեստինը չի ճանաչում Իսրայելը, ապա խնդիրը չի լուծվի», - ընդգծել է Տայանին:

Այս ֆոնին ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակները երեկ դադարեցրել են Գազայում հրադադար հաստատելու նպատակով Կատարում ընթացող բանակցությունները, որոնք մեկնարկել էին երկու շաբաթ առաջ: Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է՝ «Համաս»-ի պահվածքը հստակ ցույց է տալիս, որ մտադիր չեն հրադադար հաստատել, ուստի ԱՄՆ-ը հետ է կանչել իր թիմին՝ խորհրդակցությունների համար:

«Այժմ կքննարկենք պատանդներին տուն վերադարձնելու այլընտրանքային տարբերակներ և կփորձենք ավելի կայուն միջավայր ստեղծել Գազայի ժողովրդի համար։ Ամոթ է, որ «Համաս»-ը գործում է նման եսասիրական ձևով», - հայտարարել է Ուիթքոֆը:

Ըստ լրատվամիջոցների՝ «Համաս»-ը հավելյալ պայմաններ է առաջ քաշել: Մասնավորապես, պահանջել է 125-ի փոխարեն ազատ արձակել ցմահ դատապարտված 200 պաղեստինցու և 2023-ի հոկտեմբերից ի վեր Գազայում ձերբակալված 1200 բանտարկյալի փոխարեն ազատել 2 հազարին:

Այս ընթացքում հումանիտար իրավիճակը Գազայում արագ վատթարանում է՝ սովից մահացողների թիվն աճում է օրեցօր: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ միայն վերջին 24 ժամում ինը մարդ է մահացել սովից՝ զոհերի թիվը հասցնելով 122-ի:

Մինչ Իսրայելը պնդում է, որ չի խոչընդոտում օգնության մատակարարմանը, ՄԱԿ-ն ահազանգում է՝ Գազա «չնչին» օգնություն է հասնում, իսկ ճգնաժամը «երբեք այսքան ծանր չի եղել»։

Concern Worldwide մարդասիրական կազմակերպության ծրագրերի փոխնախագահ Քըրք Պրիչարդն ասում է, որ ամենախոցելին հինգ տարեկանից փոքր երեխաներն են. - «Կա նաև մեծահասակների և տարեցների սուր թերսնում։ Բայց եթե հինգ տարեկանը լրացել է, ավելի քիչ հավանական է, որ մարդը ունենա թերսնման հետ կապված հիվանդացություն և մահացություն»:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամ, բժիշկ Ամբեր Ալայյանն ասում է, որ թերսնման պատճառով բուժում է ստանում յուրաքանչյուր չորրորդ երեխան: Եվ վիճակը օրեցօր վատանում է. - «Յուրաքանչյուր չորրորդը սուր թերսնուցում ունի, սա կազմում է 25 տոկոս: Ենթասահարական Աֆրիկայում սովորաբար դա մոտ տոկոս է, Հարավային Սուդանում՝ մոտ 20 տոկոս ... Բայց տեսնել 25 տոկոս՝ պարզապես ցնցող է, հուսահատեցնող»:

Ամմանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Սալիմ Օուեյսն ասում է, որ Գազայում իրենց մարդասիրական պաշարները սպառվում են, և այս պահին կարող են թերսնման խնդիր ունեցող միայն 3 հազար երեխայի բուժում ապահովել:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն սպառել է կանխարգելիչ սննդի պաշարները, և հիմա բախվում ենք ծանր իրավիճակի, երբ սպառվում են նաև թերապևտիկ պաշարները ... դա իսկապես վտանգավոր է երեխաների համար», - ընդգծել է Օուեյսը:

Առողջական խնդիրներ ունեցողների վիճակը սննդի պակասն է՛լ ավելի է բարդացնում: Բժիշկ Սաիդ Խաթաբն ասում է, որ կոնկրետ երիկամի հիվանդություն ունեցողները սննդարար նյութերի կարիք ունեն՝ թարմ մսամթերք, բանջարեղեն, որոշ մրգեր, սակայն հիմա զրկված են դրանից:

«Նրանք ի վիճակի չեն նույնիսկ ավարտել դիալիզի սեանսը, և դա հանգեցնում է օրգանիզմում տոքսինների կուտակմանը, ինչպիսին են կալիումը, միզանյութը, կերատինը», - ընդգծում է բժիշկը:

Յուսուֆ Ալ-Աթամնան, որը երիկամների խնդիր ունի, ասում է, որ նախկինում ուտելու բան էր հետը բերում և ուտում դիալիզի ժամանակ, սակայն հիմա չի կարողանում՝ սնունդ չկա. - «Ինձ թույլ է տրվում մեկ վարունգ կամ խնձոր ուտել։ Վերջին անգամ հինգ ամիս առաջ եմ խնձոր տեսել: Այլևս չգիտենք խնձորի գույնը, չգիտենք՝ ինչ համ կամ գույն ունի միսը»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մայիսի 27-ից ի վեր իսրայելական բանակի կողմից 1054 պաղեստինցի է սպանվել սնունդ հայթայթելու փորձի ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը և ԱՄՆ-ն հետ են կանչել Գազայի հարցով իրենց բանակցային թիմերին Կանադան կոչ է անում անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի համակարգած օգնությունը Գազայում Թրամփի բանագնացը ուղևորվում է ԳազաԳազայում միայն վերջին 1 օրում մեկ նորածին և երեք այլ երեխաներ են մահացել սովիցԵրկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, կոչ են անում անհապաղ դադարեցնել պատերազմը ԳազայումԳազայում առնվազն 85 մարդ է մահացել՝ սնունդ ստանալու փորձի ժամանակՀռոմի պապը հորդորել է դադարեցնել Գազայի «բարբարոսությունը»