Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող՝ գերատեսչության նախկին պաշտոնյա Գոռ Թադևոսյանի կալանավորումը դատարանի որոշմամբ այսօր փոխվել է տնային կալանքով, բացակայության արգելքով ու գրավով։ Փաստաբան Արշակ Ղազարյանն այլ հարցերի չպատասխանեց, ասաց, թե դատական նիստի է, չի կարող։
Թադևոսյանը Քննչական կոմիտեում վարչություններից մեկի պետի պաշտոնակատարն էր: Իրավապահնների հաղորդմամբ՝ հենց նա է եղել գողության գլխավոր դերակատարներից մեկը, կազմակերպիչը։ Քրեական գործով առգրավված խոշոր գումարը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Էդգար Գրիգորյանն էր գողացել. նա Քննչական կոմիտե էր մտել ռետինե դիմակով, ակնոցով, բժշկական ձեռնոցներով, վերելակի վրայից մաքրելով հետքերը, ու մի ամբողջ գիշեր անցկացրել շենքում, իսկ վաղ առավոտյան հենց իրավապահների աչքի առջև շենքից դուրս բերել 590 հազար դոլարը: Գրիգորյանը հետո ձերբակալվել էր։
«Նախ ասեմ, որ էդ պատմությունը ընդհանրապես մութ պատմություն է, մենք չտեսանք էդ թափանցիկությունը, թե ինչ էր տեղի ունեցել: Լավ, ենթադրենք քննության արդյունքում պիտի դա պարզվի, բայց, ամեն դեպքում, դա մութ պատմություն էր: Եվ քանի որ մի քիչ աղմկահարույց էր, ինձ թվում է՝ դրա համար կալանավորեցին», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Ես չեմ վստահում իրավապահ մարմիններին ընդհանրապես, թե ինչ են անում և ինչպես են անում: Եվ շատ հնարավոր է, որ այդ կարճ կալանքը էդ տրամաբանության մեջ է, որ ես ասում եմ»:
Խոշոր չափերի գումար հափշտակելու համար մեղադրվող Քննչականի նախկին պաշտոնյայի կալանքը համեմատաբար ավելի մեղմ խափանման միջոցով՝ տնային կալանքով փոխելու դատարանի այսօրվա որոշումը Ժաննա Ալեքսանյանը խնդրահարույց է համարում։ Իրավապաշտպանը շեշտում է՝ հատկապես վերջին շաբաթներին իշխանության ընդդիմախոսների կալանավորումների ֆոնին։
«Էնպես չի, որ ես կողմ եմ կալանքներին, հատկապես որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հիմա՝ մեկ բառ ասելու համար մարդկանց կալանավորում են, էլ չեմ ասում էն 8 ամսական երեխայի կալանավորման փաստը, որը արտառոց դեպք է՝ երեք ամսով կալանք տալը, և եթե չլիներ ՄԻԵԴ-ի էդ դիմումը և աղմուկը դրա շուրջ, բողոքը, դատավորը չէր փոխի, երևի էդպես էլ կթողներ», - ընդգծեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը կարծում է՝ դատարանները դարձյալ իշխանությունների ուղղորդմամբ են առաջնորդվում այս կամ այն որոշումը կայացնելիս. - «Բոլորին կալանավորում են, անխոս, էլի, մի հազար հոգի անցնում է, բայց ինչ-որ մեկին, որը իրենց սրտով չի, որը քաղաքական հակառակորդ է, իրեն կարող են բանտ տանել, կալանավորել: Խայտառակ վիճակ է՝ սկսած Սամվել Կարապետյանից և վերջացրած Ռուբեն Հակոբյանով»:
Չի բացառում՝ Քննչական կոմիտեի նախկին պաշտոնյայի համար ավելի մեղմ խափանման միջոց է ընտրվել, քանի որ մեղադրյալը համակարգի աշխատակից է եղել. - «Էս դեպքում մենք տեսնում ենք, որ իրենց թիմի անդամին, այսպես ասած, պետք է որ ավելի մեղմ պայմաններում պահեին կամ ուղղակի աչք փակեին հանրության այդ արձագանքի վրա: Ընդհանրապես, զարմանում եմ նույնիսկ, որ էդ գողության մասին իրենք հայտարարել էին»: