«Խմելու բան չի». Էրեբունի վարչական շրջանի բնակիչները հրաժարվել են ծորակի ջրից

Էրեբունի վարչական շրջանի բնակիչները 3 տարի է՝ հրաժարվել են ծորակի ջրից, տարաներով ջուր են կրում հարևան ցայտաղբյուրից: Երևանի մյուս վարչական շրջաններից նույնպես այստեղ են հասնում, որ ջուր տանեն, ասում են՝ տան ծորակից հոսող ջրի համը տհաճ է:

«Մեր առաջվա Գառնու ջուրը սարքել են զիբիլ, խմելու բան չի», - ասաց բնակիչներից մեկը:

Այս բնակիչները տարիներ շարունակ «Վեոլիա ջուր» են զանգահարում ու նույն պատասխանը լսում՝ խմելու ջրին արտեզյան ջուր չեն խառնում, պարզապես ամառվա սեզոնով պայմանավորված «Վեոլիա ջուր»-ը տարիներ շարունակ Արարատի մարզի տարածաշրջանի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացնում է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար:

Պատասխանը չի գոհացնում բնակիչներին, ասում են՝ մեկ խորանարդի դիմաց 200 դրամ են վճարում, որ մաքուր ջուր խմեն:

Ֆեյսբուքյան օգտատերերին էինք հարցրել՝ գո՞հ եք, թե՞ դժգոհ «Վեոլիա»-ի աշխատանքից: Մինչև աշխատանքային ժամի ավարտն ավելի քան 300 մեկնաբանություն հայտնվեց հարցմանն ի պատասխան, բոլորը դժգոհ էին:

Ոմանք նաև տեսանյութեր էին կցել հարցմանը պատասխանելիս, նշելով, որ ջուրն անջատելուց հետո այնպիսի ուժգնությամբ է միանում, որ զուգարանակոնքը ջրի մեջ կորում է, մյուսներն էլ ջրի սպիտակ հետքերն էին ցույց տալիս:

Օրերս լրագրողների հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանն ասել էր՝ շոգ եղանակով պայմանավորված Նոր Նորք, Նորք Մարաշ. Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկում խնդիրներ են առաջացել, պատճառն այն է, որ այս վարչական շրջանները սնվում են կաթնաղբյուրի մեկ ջրատարից, տեխնիկապես այլ աղբյուրներ ներգրավվել հնարավոր չէ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին լրագրողները հարցրել էին՝ «եթե նշում եք, որ ՀԷՑ-ն ազգայնացնելու պատճառներից մեկը սպասարկման որակն է, ապա ինչո՞ւ «Վեոլիա ջրին» նույն կերպ չեք վերաբերում»:

Ըստ պաշտոնյայի՝ ջրամատակարարման հետ կապված բողոքները սեզոնային բնույթ են կրում, բայց դրանք ահագնանում են։ Ընդգծեց՝ ի տարբերություն ՀԷՑ-ի «Վեոլիա» -ն չի հանդիսանում ոչ ոռոգման, ոչ էլ ջրամատակարարման համակարգի սեփականատերը․ համակարգը պետական է և տարիներ առաջ մաշված վիճակում փոխանցվել է ընկերության կառավարմանը։

Ըստ պաշտոնյայի՝ վերջին տարիներին ներդրումների արդյունքում ջրի կորուստները 80 տոկոսից նվազել են մինչև 55 տոկոս, ինչը դեռևս անբավարար ցուցանիշ է։ Ասաց՝ պետությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի համակարգի վերականգնման համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պնդմամբ՝ ջրամատակարարման խնդիրների հիմնական պատճառներից է նաև բազմաբնակարան շենքերի թվի կտրուկ աճը։ Մայրաքաղաք մտնող 6 հիմնական ջրատարներն, ասում է, չեն արդիականացվել, ջրի ծավալը մնացել է նույնը, սպառողների թիվն ավելացել, ինչի հետևանքով ջրամատակարարման ժամերը կրճատվում են։ Ասաց՝ բազմաթիվ համայնքներում էլ խմելու ջրով են իրականացնում այգիների ոռոգում, որովհետև արդարացիորեն ոռոգման ջուր չունեն: Բացի այդ, ջրի մակարդակը բնական ջրամբարներում նվազել է շուրջ 20 տոկոսով։

Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ իրենք շարունակում են աշխատել «Վեոլիա ջրի» հետ՝ պահանջելով, որ ապահովվեն գրաֆիկները, արագ վերացվեն վթարները և քաղաքացիները ստանան պատշաճ արձագանք: Մեսրոպյանը թվերով խոսեց՝ համակարգը 11 հազար կմ ջրագիծ ունի:

Այս բացատրությունները չեն համոզում սպառողներին. Նորք Մարաշի փողոցներից մեկում, օրինակ, տասն օր է ջուր չկա, բնակիչները սպառնում են նստացույց սկսել: Ընդ որում՝ «Ազատությունը» բողոքներ է ստացել ոչ միայն Երևանից, այլ նաև մի քանի մարզերից:

«Վեոլիա ջուր» ընկերությունից ասացին՝ տեղյակ են, որ որոշ մարզերում խնդիրներ կան, կարգավորում են: Մեզ ահազանգած բնակիչները վրդովված են՝ տարիներ շարունակ այս նույն պատասխանն են լսում: Պնդում են՝ պետությունը թող փոխի կառավարչին, ոչ թե անընդհատ նույն պատասխանները տան:

Տեսանյութն ավելի ուշ