Բողոքի ակցիաներ Ավստրիայում ու Մեծ Բրիտանիայում՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի

Սովը Գազայում աղետալի մակարդակի է հասել, երեխաների մեծամասնությունը թերսնված է. լուսանկարն արվել է հուլիսի 24-ին, 2025թ.

«Ձեր ձեռքերն արյունոտ են», «Վերջ տվեք ցեղասպանությանը» վանկարկումներով պաղեստինցիների իրավունքների համար պայքարող ակտիվիստների խումբն այսօր խափանել է Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնի պաշտոնական բացումը։

Ավստրիայի փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը ստիպված էր ընդհատել իր ելույթը ՝ ցուցարարներին առաջարկելով «բաց քննարկում»․ միջոցառումը շարունակվել է անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո։ Փառատոնի հյուրերի թվում էր նաեւ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը։

Սա Եվրոպայով մեկ տեղի ունեցող բազմաթիվ ակցիաներից մեկն էր՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար ճգնաժամի:

Լոնդոնում էլ երեկ հարյուրավոր մարդիկ են բողոքի ակցիա իրականացրել Դաունինգ փողոցում։ Կաթսաներով ու թավաներով ակցիայի մասնակիցները դատապարտում էին սովը Գազայում՝ բրիտանական կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։