Կառավարությունն առաջարկում է հողերն այլևս չվաճառել չնչին՝ կադաստրային արժեքով

Հացահատիկի դաշտ Շիրակի մարզում, արխիվ

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ՝ առաջարկելով գյուղատնտեսական հողերը օտարել ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով:

Կառավարությունն այս առաջարկի հիմնավորման մեջ նշել է՝ «Հայաստանում գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի գնահատման համար հիմք են հանդիսանում շուրջ 30 տարվա տվյալները, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել կադաստրային արժեքը: Այդ կապակցությամբ առաջարկվում է կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով»:

Դեռ 2001 թվականին ընդունված հողային օրենսգրքով սահմանված է, որ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 100 տոկոսից, սահմանամերձ, լեռնային, կամ ծայրամասային բնակավայրերում՝ 50 տոկոսից, իսկ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող բնակավայրերում՝ հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Կադաստրային արժեքը, որ ըստ կառավարության հիմնավորման ձևավորվել է 30 տարվա վաղեմության տվյալներով, տասնյակներ, նույնիսկ հարյուրապատիկ անգամներ ցածր կարող է լինել շուկայականից:

Չորս ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսել էր համայնքներում մինչև 100 դրամով հողերի վաճառքի մասին ու հանձնարարել կառավարության անդամներին ու մարզպետներին բոլոր համայնքներում կանգնեցնել հողերի աճուրդները, մինչ կառավարությունը դրանք օտարելու նոր կարգ կհաստատի:

Գործադիրի ղեկավարը նշել էր, որ բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք պատմում են՝ ինչպես են անգամ քաղաքներում համայնքապետարանները 1 քառակուսի մետրը վաճառում մինչև 100 դրամով, բայց վաճառքից կարճ ժամանակ անց այդ տարածքները շուկայում են հայտնվում՝ մի քանի անգամ բարձր գնով:

Նիստի ժամանակ կառավարության անդամները շեշտել էին՝ այս ամենի պատճառը համայնքներում ներքին համաձայնություններով կատարվող ձևական աճուրդներն են:

Կառավարության անդամների այս հայտարարություններից հետո միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որն էլ առաջարկել է՝ պետական և համայնքային բոլոր տեսակի հողերի վաճառքի դեպքում պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատող կազմակերպության միջոցով:

Միաժամանակ առաջարկի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում: Թե ով է վճարելու հողերը գնահատող կազմակերպությանը, արդյո՞ք համայնքների վրա կդրվեն այդ ծախսերը, գնահատման նախագծի հիմնավորման մեջ նշված չէ:

Արդյո՞ք օրենքի այս փոփոխությունը կլուծի նաև հողերի աճուրդները մրցակցային դարձնելու հարցը: Կառավարության գարնանը կայացած նիստում վարչապետը նաև սրա մասին էր խոսել, որ աճուրդներին սովորաբար սահմանափակ թվով անձինք են մասնակցում: Օրենքը պահանջում է, որ համայնքապետարաններն իրենց պաշտոնական էջում հրապարակեն կայանալիք աճուրդի մասին: Բայց դա, բնականաբար, բավարար չի լինում լուրը հանրությանը հասցնելու համար: Մրցույթները, լինեն վաճառքի, թե վարձակալության, սովորաբար անցնում են առանց մրցակցության, մեկական մասնակցով:

Արդեն մեկ ամիս կառավարության էջում տեղադրված է օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի համայնքներում հողերը կվաճառվեն ոչ թե կադաստրային, այլև շուկայական արժեքով: Ընդամենը 4 մարդ է վերաբերմունք արտահայտել, որոնցից 3-ը դրական, մեկը՝ բացասական:

Թե երբ կհասնի օրինագիծը խորհրդարան, առայժմ պարզ չէ:

Your browser doesn’t support HTML5

Կառավարությունն առաջարկում է հողերն այլևս չվաճառել չնչին՝ կադաստրային գնով