Գազայում դարձյալ մարդիկ են սպանվել՝ սննդի հերթում

Գազայում միայն վերջին ժամերին առնվազն 25 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարվածների և թիրախային կրակոցների հետևանքով, հայտնում է «Ասոշիեյթիդ Փրես»-ը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում իր աղբյուրները։

Զոհերի մեծ մասը սպանվել է օգնություն ստանալու հերթերում՝ Իսրայելի հետ Զիկիմի անցակետի մոտ, նշում է լրատվամիջոցը։ Իսրայելի բանակը չի արձագանքել վերջին հարվածների վերաբերյալ գործակալության հարցումներին:

Գազայի հատվածում շուրջ 22 ամիս շարունակվող արյունալի պատերազմը դադարեցնելու շուջ պայմանավորվածության բացակայության ֆոնին միջազգային կառույցները շաբաթներ շարունակ ահազանգում են պաղեստինյան անկլավում աղետալի մարդասիրական ճգնաժամի՝ մասնավորապես, ահագնացող սովի մասին: Վերջին օրերին հաղորդվել է սովամահության ավելի քան 100 դեպքի մասին, մեծ մասը՝ երեխաներ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է խոչընդոտել հումանիտար բեռների մուտքը Գազա, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Գազայի մարդասիրական հիմնադրամի երկամսյա գործունեությունը Գազայի հատվածում ուղեկցվել է քաոսային տեսարաններով և սպանություններով։

«Ֆրանս Պրեսը»-ը հիշեցնում է, որ գրեթե ամեն անգամ, երբ այդ հիմնադրամի բեռնատարներն օգնություն են բաժանել պաղեստինցիներին, իսրայելական ուժերը կրակ են բացել սնունդ ստանալու եկած մարդկանց վրա: