Իլհամ Ալիևի օգնականը կրկնել է Բաքվի նախապայմանները, խոսել «հայկական ռևանշիզմից»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներին՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների միջոցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, թե «կարևոր է ծայրաստիճան զգոն լինել հայկական հանրության մեջ ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ»:

«Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի սեփական հանրության վրա: Հավատում եմ, որ այդ երկրի Սահմանադրության փոփոխությունները կդառնան կարևոր քայլ նման գործընթացների դադարեցման ուղղությամբ»,- հայտարարել է Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան դարձյալ պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «պետք է հանձնվի պատմության արխիվին»։

Հաջիևը նաև նշել է, թե հայ-ադրբեջանական բանակցություններում փոխհատուցումների հարց չի քննարկվում, միաժամանակ հավելել, որ Բաքուն, այդուհանդերձ, համապատասխան գնահատում է իրականացնում «Ադրբեջանին հասցված վնասի» վերաբերյալ:

«Համաձայն այդ գնահատականի՝ մեր երկրին հասցված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարին» ,- պնդել է Ադրբեջանի նախագահի օգնականը և գերմանական լրատվամիջոցին հավաստիացրել , որ տարածաշրջանում «խաղաղություն է տիրում, ռազմական բախումներ կամ լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև օրակարգում այլևս չկա»: