Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ արշավ առաջնորդելու փոխարեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար ապահվել Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը ու ազատագրել Ադրբեջանի օկուպացրած տարածքները: Կուսակրոնությանը վերաբերող հարցեր բարձրացնելու փոխարեն բարձրաստիճան հոգևորականը հորդորում է Փաշինյանին զբաղվել Սահմանադրությամբ իրեն լիազորված պարտականությունների կատարմամբ:
«Խոսել գերիների մասին, խոսել Արցախի իրավունքների մասին, և մարդը, որը դրսում խեղճ, տկար, տնանկի տպավորություն է թողնում, ներսում առյուծ է կտրում», - նշեց նա։
Հայր Զաքարիան ընդգծում է՝ ստատուսներով ոչ հնարավոր է եկեղեցու գործերին միջամտել և ոչ էլ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, հրապարակելով կաթողիկոսին փոխելու իր ծրագիրը, Ֆեյսբուքում գրեց, թե նախ պետք է աշխարհաբար թարգմանել միջնադարյան «Կանոնագիրք հայոց»-ը, քանի որ այն աշխարհաբար չկա, և դրա հիման վրա հաստատել Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը, որից հետո արդեն նոր կաթողիկոս ընտրել:
Հայր Զաքարիան Փաշինյանին տեղեկացնում է՝ «Կանոնագիրք հայոց»-ն արդեն իսկ թարգմանված է աշխարհաբար, իսկ եկեղեցին ոչ միայն այդ կանոնագրքով է առաջնորդվում, այլև իր տեղական ժողովների ու Գերագույն խորհրդի որոշումներով: «Կանոնագիրք հայոց»-ում ընդգրկված կանոնները տվյալ ժամանակաշրջանի խնդիրների լուծումների մասին են, իսկ 21-րդ դարի խնդիրներին պետք է արձագանքել նոր որոշումներով:
Ինչ վերաբերում է Փաշինյանի այդ դիտարկմանը, թե բազմաթիվ հոգևորականներ չգիտեն կանոնագրքում սահմանված կանոնները, ապա այստեղ էլ, հայր Զաքարիայի խոսքով, Փաշինյանին սխալ տեղեկություններ են տվել:
«Գուցե իր հետ շփված և կարգալույծ եղած հոգևորականները տեղյակ չեն, բայց ի գիտություն պետք է իմանալ, որ ճեմարաններում հատուկ առարկա է դասավանդվում կանոնագիտություն, որտեղ խորությամբ ապագա հոգևորականները ծանոթանում են կանոնագրքին, իսկ կանոնագրքի աշխարհաբար թարգմանություն կա, պարզապես երևի վարչապետին խորհուրդ տվողները և կիսագրագետ այդ հոգևորականները տեղյակ չեն եղել և իրեն մոլորության մեջ են գցել։ Թարգմանվել է վերջերս։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է տպագրվել», - ներկայացրեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Ծայրագույն վարդապետի խոսքով՝ Փաշինյանը ուղղակի մեղք է գործում
Վարչապետ Փաշինյանն, ըստ իր հրապարակած ծրագրի, մտադիր է Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո որևէ ամուսնացյալ քահանայի տեղապահ կարգել, մինչև որ կանցկացվեն նոր ընտրություններ: Ծայրագույն վարդապետի խոսքով՝ Փաշինյանը ուղղակի մեղք է գործում, և նրա այդ ծրագիրը որևէ կապ չունի հայոց եկեղեցու կանոնների հետ:
«Տեղապահն ընտրվում է այն ժամանակ, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը մահանում է, Գերագույն հոգևոր խորհուրդը հավաքվում է, իրենցից մեկին՝ եպիսկոպոսներից մեկը նշանակվում է տեղապահ, որը պատասխանատու է լինում ապագա կաթողիկոսական ընտրությունների կազմակերպմանը», - նշեց նա։
«Ազատության» դիտարկմանը՝ «ասում եք՝ մեղք է, որ կաթողիկոսի կենդանության օրոք խոսվում է նոր կաթողիկոսի ընտրության մասին, այսինքն Փաշինյանը մեղք է գործում, բայց նա պնդում է, որ Վեհափառն այլևս կաթողիկոս չէ, Գարեգին Երկրորդն այլևս կաթողիկոս չէ, որովհետև խախտել է կուսակրոնության ուխտը», հայր Զաքարիան արձագանքեց. - «Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, նույն այդ ժողովն էլ իրավասու է նրան հեռացնելու կամ ինչ-որ կարգապահական տույժեր բան անելու։ Հետևաբար ինքը ընդունում է, թե չի ընդունում, դրանից Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը չի դադարում կաթողիկոս լինելուց»։
Հայր Զաքարիայի համոզմամբ՝ Փաշինյանը չի կարող իրեն համարել հայոց եկեղեցու անդամ, բայց չենթարկվել եկեղեցու կանոններին: Եթե մարդն իրեն հայոց եկեղեցու զավակ է համարում, ապա զավակը ունի նաև պարտականություններ՝ պահպանել ուղղափառ դավանքը, հաճախակի հաղորդություն ստանալ և հնազանդվել եկեղեցու իշխանությանը: Իսկ եթե մարդը դա չի ընդունում, ապա հոգևորականի խոսքով, ընկնում է աղանդավորական հոսանքների ազդեցության տակ:
Սակայն ծայրագույն վարդապետ Բաղումյանի համոզմամբ՝ եկեղեցու դեմ սկսած Փաշինյանի արշավն իրականում այլ օրակարգերով է թելադրված. - «Առաջին՝ թուրք-ադրբեջանական օրակարգ է, թույլացնելու, կազմաքանդելու հայոց եկեղեցին, որովհետև սա մեր պատմության և մեր պատմական հիշողության կրիչն է։ Եվ ամենակարևորը, կարծում եմ, պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, քաջ գիտակցելով, որ հայոց եկեղեցին կարող է մեծ դերակատարություն ունենալ»։
Ծայրագույն վարդապետի համոզմամբ՝ հենց սրանք են Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ սկսված արշավի պատճառները և կուսակրոնության հարցն ամենևին որևէ կապ չունի:
Ինչ վերաբերում է կաթողիկոսի կուսակրոնության հարցին, ապա Հայր Զաքարիայի խոսքով, Վեհափառ հայրապետի հետ կապված հարցերը իրավասու է լուծել միմիայն Ազգային եկեղեցական ժողովը, այսինքն, այն մարմինը, որը նրան ընտրել:
Իսկ արդյոք եկեղեցական ժողով հրավիրվելո՞ւ է՝ քննարկելու կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, զավակ ունենալու իշխանության մեղադրանքները: Հայր Զաքարիան ասում է, որ ազգային եկեղեցական ժողով հրավիրել կարող է միայն կաթողիկոսը: Այսինքն՝ կաթողիկոսին վերաբերվող ցանկացած հարց կարող է քննարկվել, եթե կաթողիկոսն ինքն այդ ժողովը գումարի: Ի դեպ, վերջին անգամ Ազգային եկեղեցական ժողով հրավիրվել է կաթողիկոսական ընտրության ժամանակ՝ 1999-ին:
Հայր Զաքարիան պարզաբանում է՝ կաթողիկոսին ընտրած Ազգային եկեղեցական ժողովը միայն կարող է նրան կարգալույծ անել, բայց դրա համար պետք է լինի հիմնավոր պատճառ, օրինակ, եթե հայոց հայրապետը դավանաբանական սխալ անի, շեղվի ուղղափառ դավանանքից կամ եթե հայրապետը վախճանվի:
Արդյոք կուսակրոնության ուխտի խախտումը հի՞մք է կաթողիկոսին կարգալույծ անելու համար
«Դա այն խնդիրը չէ, որով մարդուն պետք է կարգալույծ անել, խնդիր է, որը քննարկվում է և լուծում է տրվում», - ասաց հայր Զաքարիան:
Կաթողիկոսին վեհարանից հեռացնելու իր առաջնորդած շարժման շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել մեծ հոգևոր հանդիպման՝ Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող Էջմիածնի կենտրոնական հրապարակում։ Փաշինյանը առայժմ այդ հավաքի օր ու ժամ չի հայտարարել:
Մայր Աթոռում էլ դժվարանում են ասել՝ երբ կգան, բայց եթե մի օր գան, ապա. - «Իրենց դիմավորելու ենք աղոթքով, սիրով և՛ մեր եկեղեցու, և՛ մեր իրավունքների պաշտպանության վճռականությամբ: Ամբողջ նպատակը բախումներ հրահրելն է։ Օրինակի համար բախումներից հետո ասենք քննիչները որոշում կայացնեն, մենք ի վերջո այստեղ ապրում ենք, չէ՞, այստեղ գրանցված ենք Մայր Աթոռում, ասենք գան մեր սենյակները ստուգեն, մեզ կալանավորեն, չգիտեմ, ես ամեն ինչի հավատում եմ և կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, բայց դրանով էլ հարցը չի լուծվում։ Հասկանու՞մ եք, եթե անգամ Ամենայն հայոց կաթողիկոսին կալանավորեն, բանտ գցեն, դրանից ինքը չի դադարելու Ամենայն հայոց կաթողիկոս լինելու։ Չի դադարելու»։
Հայր Զաքարիա Բաղումյանը զգուշացնում է՝ եթե Փաշինյանը ի վերջո որոշի գնալ այդ քայլին, ապա պետք է իմանա, որ հետևանքներ են լինելու, ըստ նրա, դեռ ոչ ոք չի համարձակվել եկեղեցու դեմ քայլ անել և անպատիժ մնալ: Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականը Փաշինյանին առաջարկում է նստել և կաթողիկոսի հետ երկխոսության միջոցով լուծել բոլոր հարցրեը:
«Խնդիրները ստատուսներով չեն լուծվում, խնդիրները լուծվում են միասին նստելով, քննարկելով։ Ես կարծում եմ, որ Վեհափառ Հայրապետը միշտ էլ բաց է եղել և բաց է»։
«Ազատության» հարցին՝ Փաշինյանը ցանկություն չի՞ հայտնել այդպիսի քննարկման, նա պատասխանեց. - «Չգիտեմ անկեղծ ասած, բայց վստահ եմ, որ Վեհափառ հայրապետը ինչ-որ քայլեր արել է, մյուս կողմից պատասխան չի եղել»։
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի խոսքով՝ հավատավոր մարդը՝ անհավատից տարբերվում է նրանով, որ ունի կարմիր գծեր և ունակ է ժամանակին կանգ առնել. - «Ընդհանրապես ամեն մարդ պիտի հիշի, որ ինքը անմահ չէ, մի օր հոգի ունի տալու։ Եվ պիտի հասկանան, որ այնպես պիտի անեն, որ անկնունք, անպսակ և անթաղ չմնան»։