Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կիրակի օրը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտպանել հակակոռուպցիոն անկախ մարմինները՝ ընդգծելով, որ դրանք Ուկրաինայի իրավական պետության հիմքն են:
«Ուկրաինան արդեն զգալի առաջընթաց է գրանցել իր եվրոպական ճանապարհին», - գրել է ֆոն դեր Լայենը X-ում Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո։
Զելենսկին էլ ակնարկել է, որ աջակցող օրենսդրությունը կարող է ընդունվել առաջիկա օրերին։
Դժգոհությունների, քննադատության ու ցույցերի ֆոնին Ուկրաինայի նախագահը նախորդ շաբաթ հաստատել է նոր օրենքի նախագիծ, որը կվերականգնի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության անկախությունը: Երեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր օրենք, որով այս մարմինները փաստացի պետք է ենթարկվեն դատախազին, ինչն էլ դժգոհություն էր հարուցել:
Ֆոն դեր Լայենը կրկին հաստատել է ԵՄ կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ Եվրոպական միությանը միանալու ճանապարհին։