«Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագրավման հետագա քայլերն արգելող արբիտրաժային որոշումը պարտադիր կատարման ենթակա դարձնելու համար Կարապետյանները պետք է դիմեն հայաստանյան դատարան, որի որոշումից հետո միայն կառավարությունը պարտավոր կլինի հետևել արբիտրաժի պահանջներին:
Վերջին օրերին «Ազատությունը» միջազգային արբիտրաժային գործերում մասնագիտացած մի շարք առաջատար իրավաբանների հետ է զրուցել. մասնագետներն, ըստ էության, համակարծիք են՝ կառավարությունը կարող է հրաժարվել որոշման կատարումից, այդ դեպքում, սակայն, հետևանքները կարող են ավելի ծանր լինել. եթե այս գործով Հայաստանի դեմ վերջնական վճիռ կայացվի, պետությունը գուցե ստիպված լինի շատ մեծ գումար փոխհատուցել Կարապետյաններին, բանը կարող է արտերկրում գտնվող Հայաստանի ակտիվների բռնագանձմանը հասնել:
«Ներդրումային ոչ մի հնարավորություն, որ կարելի էր ենթադրել , որ կարող է գալ, չի գա, որովհետև ներդրողներն արդեն կհասկանան, որ անգամ դատական ակտը չի կատարում Հայաստանը ներդրումների պաշտպանության բնագավառում: Վնասելու է ներդրումային միջավայրին ու տնտեսությանը նաև», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց արբիտրաժային գործերում մասնագիտացած իրավաբան Տարոն Սիմոնյանը:
Հայաստանի Հանրապետությունից արբիտրը պահանջել է ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել «ՀԷՑ»-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել է, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել է չկասեցնել ընկերության լիցենզիաները ու որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները:
Փորձագետները բացատրում են՝ այս որոշումից հետո իշխանությունները երկու ճանապարհ ունեին. կամ պահանջը կամովին կատարել կամ էլ հենվելով ներպետական օրենսդրությանը՝ սպասել հայաստանյան դատարանի որոշմանը: Դատելով մինչ այս պահն արված հայտարարություններից ու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած կադրային փոփոխություններից, կառավարությունը երկրորդ տարբերակն է ընտրել:
«ՀԷՑ»-ի սեփականատեր, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են արդեն դատարան, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ: Նրանք «Ազատության» բազմաթիվ հեռախոսազանգներին չեն պատասխանել:
Ոլորտի առաջատար մասնագետների կարծիքով՝ այս դիմումի քննությունն կարող է ամիսներ տևել: Իրավաբան Տարոն Սիմոնյանը բացատրում է՝ պետք է դիտարկել առևտրային արբիտրաժի մասին 2007-ից գործող օրենքը: Արբիտրաժային վճռի ճանաչման և կատարման ընթացակարգը հենց այս օրենքն է սահմանում:
Հայցվորը նախ պետք է գրավոր միջնորդագիր ներկայացնի դատարան՝ կցելով արբիտրի որոշումը: 36-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնցով արբիտրաժի վճռի կատարումը կարող է մերժվել:
Ստոկհոլմի արբիտրաժի պահանջը կարող է չկատարվել, եթե դատարանը պարզի՝ վեճի առարկան արբիտրաժի կողմից լուծման ենթակա չէ կամ էլ եթե վճիռը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս հենց հանրային կարգին հնարավոր հակասությունից էր խոսել:
«Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին», - պնդել էր նախարարը:
«ՀԷՑ»-ը բռնագանձելու հետագա քայլերից զերծ մնալու, կառավարման մարմինների անդամներին չփոխելու կամ ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցնելու Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի պահանջն ինչպե՞ս կարող է որևէ կերպ ազդել հայաստանյան հանրային կարգին. պաշտոնյաները մինչ այս պահը չեն պարզաբանել:
Կարո՞ղ է ՀՀ-ն չկատարել միջազգային արբիտրաժի պահանջը. ինչ է սահմանում ներքին օրենսդրությունը
